• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Առկա է Հայաստան-Չինաստան ռազմավարական հարաբերությունները զարգացնելու մթնոլորտ. Դեսպան Գևորգյանի հարցազրույցը Առաջինի լրատվական ալիքին

01 հուլիսի, 2025
Առկա է Հայաստան-Չինաստան ռազմավարական հարաբերությունները զարգացնելու մթնոլորտ. Դեսպան Գևորգյանի հարցազրույցը Առաջինի լրատվական ալիքին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դիանա Գասպարյան.  Բարև ձեզ, այսօր մեր հյուրն է Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գևորգյանը: Զրուցելու ենք Արարատ Միրզոյանի` օրերս Չինաստան կատարած այցի, մեր երկրների միջև հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարի մասին: 

Բարև ձեզ, պարո՛ն դեսպան: Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար: 
 
Դեսպան Գևորգյան. Շնորհակալություն: Ես եմ շնորհակալ: 
 
Դիանա Գասպարյան. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Չինաստան, ինչպիսի՞ն էին հիմնական ուղերձները և արդյունքները: 
 
Դեսպան Գևորգյան. Նախ պետք է նշեմ, որ սա պաշտոնական երկկողմ այց էր, և նման կարգավիճակով այց վերջին անգամ տեղի էր ունեցել նախորդ տասնամյակում: Ընդհանրապես, պաշտոնական այցերը լավ հնարավորություն են ընձեռնում հանգամանորեն քննարկել համագործակցության երկկողմ օրակարգը, անդրադառնալ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ տարածաշրջանային և գլոբալ հարցերին: 
 
Հանդիպման ընթացքում փաստվեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ունեն փոխվստահություն, ընդհանուր շահեր և քաղաքակրթական կապեր, որոնք պետք է արձանագրվեն և ձևակերպվեն արդեն նոր մակարդակում՝ որակական նոր մակարդակի հասցնելով հայ-չինական հարաբերությունները:
 
Դիանա Գասպարյան. Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շրջանակում ինչպ՞ես եք գնահատում Չինաստանի հետ հարաբերությունների և դրանց զարգացման կարևորությունը: 
 
Դեսպան Գևորգյան. Նախ պետք է նշեմ, որ Չինաստանն աշխարհն ընկալում է բազմաբևեռ և իրեն ընկալում է բազմաբևեռ աշխարհի կարևոր բևեռներից մեկի դերակատարմամբ: Իր հերթին, Հայաստանի Հանրապետությունը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքական հարաբերությունները հիմնական ուժային կենտրոնների հետ, և բնականաբար Չինաստանը այդ ուժային կենտրոններից կամ չինական բնորոշմամբ այդ՝ բևեռներից մեկն է:
 
Փաստացի, այստեղ մենք ունենք ընկալումների միասնականություն, թե Չինաստանի կողմից՝ աշխարհում որպես մեծ տերություն առաջատար պատասխանատվության վերաբերյալ, թե Հայաստանի կողմից՝ նման պատասխանատվություն զգացող երկրների հետ դիվերսիֆիկացնելու հարաբերությունները, զարգացնելու դրանք բոլոր ոլորտներում: Եվ այս շահերի ընդհանրությունը մեծապես կարևորում է ներկայումս հայ-չինական հարաբերությունների զարգացումը թե երկկողմ, թե տարածաշրջանային և թե գլոբալ հարթություններում:
 
Դիանա Գասպարյան. Պեկինում Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը և կամքը ռազմավարական գործընկերություն կառուցելու հարցում: Ի՞նչ կարող ենք ակնկալել առաջիկայում այս ուղղությամբ: 
 
Դեսպան Գևորգյան. Պետք է նշեմ, որ մեր հարաբերությունների բնույթը արդեն իսկ ռազմավարական է: Մի կողմից ներկա արտաքին քաղաքական միջավայրը, Հայաստանի կողմից դիվերսիֆիկացման քաղաքականությունը և Չինաստանի նորովի ընկալումը, իր դերը բազմաբևեռ աշխարհում ստեղծել է նպաստավոր միջավայր մեր հարաբերությունների զարգացման համար, բայց նաև մենք չպետք է մոռանանք, որ հիմքը 33 տարվա մեր հարաբերությունների ընդհանուր պատմությունն է: 
 
Եվ պետք է նշեմ, որ հայ-չինական հարաբերությունները երբևէ չեն ունեցել որևիցե խնդրահարույց բաղադրիչ, որևիցե հիասթափություն, որևիցե խնդիր, որը կարող էր ստվերել թե մեր ժողովուրդների, թե մեր հասարակությունների միջև համագործակցությունը: 
 
Այսինքն՝ մի կողմից մենք ունենք շատ առողջ երկկողմ հարաբերությունների պատմություն, իսկ մյուս կողմից ունենք նպաստավոր արտաքին քաղաքական միջավայր՝ այդ հարաբերությունները նորովի ձևակերպելու և ռազմավարական խորություն հաղորդելու համար:
 
Դիանա Գասպարյան. Նաև Պեկինը շատ հավասարակշռված ու զգուշավոր քաղաքականություն է վարում հակամարտությունների հետ կապված: Ինչպե՞ս է Չինաստանը վերաբերվում Հարավային Կովկասում զարգացումներին և խաղաղության հեռանկարին: 
 
Դեսպան Գևորգյան. Չինաստանը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերը, նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման կոնտեքստում, և դա ողջունում է հրապարակայնորեն: 
 
Ընդհանրապես, Չինաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է նշված սկզբունքների վրա, որոնք են՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանության հարգում, ագրեսիայի բացառում, բարիդրացիական հարաբերություններ և այս նույն սկզբունքները Չինաստանը պաշտպանում է ողջ աշխարհում, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում: 
 
Դիանա Գասպարյան. Նաև Պեկինում Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներն ընդգծել են «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունների համադրելիությունը: Ի՞նչ հեռանկար է բացվում լոգիստիկ և ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցության համար:
 
Դեսպան Գևորգյան. Ընդհանրապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները շատ ընդհանրություններ ունեն, բայց ամենակարևորը նրանք հիմնվում են երեք սկզբունքի վրա՝ առաջին խաղաղություն, երկրորդը՝ փոխկապակցվածություն և երրորդը՝ զարգացում: 
 
Թերևս միակ տարբերությունը այս երկու նախաձեռնությունների միջև այն է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը գլոբալ, համաշխարհային նախաձեռնություն է, իսկ «Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանային նախաձեռնություն է, բայց հենց այս տարբերությունն է, որ ապահովում է դրանց համադրելիությունը, այսինքն՝ «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախաձեռնությունն ամբողջովին տեղավորվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախաձեռնության մեջ: 
 
Եվ այս տեսակետից իհարկե չինական կողմը ողջունում է Հայաստանի մոտեցումները, որոնք արտացոլված են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և Հայաստանը ինչպես և մեր տարածաշրջանը, որովհետև «Խաղաղության խաչմերուկ»-ը միայն Հայաստանի մասին չէ, դա ողջ տարածաշրջանի մասին է, հանդես են գալիս որպես կապող օղակ Եվրոպայի և Ասիայի միջև:
 
Այդ տեսակետից չինական ընկերությունները, որոնք մեծ ներդրումներ են կատարում ենթակառուցվածքային ոլորտում, այդ թվում՝ ճանապարհաշինության և այլ ենթակառուցվածքների ոլորտում, նրանք շահագրգռված են նման քաղաքականություն և ներդրումներ կատարելու նաև մեր տարածաշրջանում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում: 
 
Դիանա Գասպարյան. Երկուստեք ընդգծվել է ապրանքաշրջանառության բարձր մակարդակը, ընդհուպ՝ 58% աճ տարեսկզբի չորս ամսում: Ի՞նչ նախադրյալներ կան երկարաժամկետ հեռանկարում այս դինամիկան պահպանելու համար: 
 
Դեսպան Գևորգյան. Առևտրի այդ շեշտակի աճը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնք, կարելի է ասել, երկարաժամկետ են: 
 
Առաջինը՝ Հայաստանի տնտեսության կանաչ վերափոխումն է, այսինքն՝ մենք ակտիվորեն կիրառում ենք կանաչ տեխնոլոգիաներ: Դուք ամեն օր տեսնում եք Երևանում չինական էլեկտրական մեքենաներ, ամենուր արևային վահանակներ: Այսինքն՝ այդ ապրանքաշրջանառության մի զգալի մասը պայմանավորված է նրանով, որ Հայաստանն անցնում է կանաչ տեխնոլոգիաների, իսկ Չինաստանը ներկայումս կանաչ տեխնոլոգիաների արտադրման հիմնական համաշխարհային կենտրոնն է: 
 
Երկրորդը՝ մենք ակտիվորեն օգտագործում ենք թվային առևտուրը: Բազմաթիվ հայ սպառողներ գնումներ են կատարում չինական առևտրային հարթակներից, և նույն ձևով չինացի սպառողներ գնում են հայկական ապրանքները, որոնք հասանելի են նրանց նույն առևտրային հարթակներից: Այսինքն՝ առևտրի թվայնացումը բերում է առևտրի զգալի աճի: 
 
Երրորդ գործոնը, որ ես կմատնանշեի, ավելի շատ կապված է Հայաստանից Չինաստան արտահանման հետ: Նույն կանաչ տեխնոլոգիաների զանգվածային ներդրման պայմաններում աճում են մետաղների և, մասնավորապես, պղնձի գները և պահանջարկը, և Հայաստանը հնարավորություն է ստանում պղինձ արտահանել Չինաստան ավելի շահավետ գներով: 
 
Եվ չորրորդ գործոնը նա է, որ զարգանում են լոգիստիկ կապերը մեր երկրների միջև: Բազմաթիվ ընկերություններ փորձում են նոր լոգիստիկ ուղղություններ գտնել, նոր ծառայություններ մատուցել, և արդյունքում հնարավոր է լինում ավելի կարճ և ավելի էժան պայմաններով Չինաստանից Հայաստան և Հայաստանից Չինաստան ներմուծել ապրանքներ: 
 
Այս գործոնները, իմ կարծիքով, բավականին երկարաժամկետ են, և դրանք մոտ ապագայում հավանաբար կդառնան այն նախադրյալները, որ կպահպանեն աճի դինամիկան: 
 
Դիանա Գասպարյան. Այսպիսով, մեծ է հետաքրքրությունը, ինչպես հասկանում ենք, նաև ներդրումների հարցում: Հետևաբար ո՞ր ոլորտներում է հետաքրքրված չինական բիզնեսը Հայաստանում, նկատի ունեմ և ներդրողները ու՞ր են ուզում ներդրումներ կատարել: 
 
Դեսպան Գևորգյան. Չինական ներդրումները հիմնականում, իհարկե, խոշորածավալ են: Չինական ներդրողները դրանք հսկայական ընկերություններ են, որոնք ունեն հսկայական ծավալներ և այդ ներդրումները նախևառաջ ենթակառուցվածքային ոլորտում կարող են տեղի ունենալ, լինի դա վերականգնվող էներգետիկա, թե ճանապարհաշինարություն. այդ ոլորտները նախևառաջ կունենան ենթակառուցվածքային նշանակություն Հայաստանի համար:
 
Ներկայումս բազմաթիվ չինական ընկերություններ աշխատում են Հայաստանում, ճիշտ է՝ տարբեր կարգավիճակներով: Կան ընկերություններ, որոնք իրենք են նախագծեր անում, կան ընկերություններ, որոնք հանդես են գալիս որպես ենթակապալառուի կարգավիճակով և տարբեր ծառայություններ են մատուցում այլ ընկերությունների: Այս տեսակետից ակնհայտ է, որ չինական ընկերությունների դերակատարումը, ներդրումները և, ընդհանրապես, ներգրավումը Հայաստանում աճելու հստակ միտում ունի: 
 
Դիանա Գասպարյան. Նաև արդեն մի քանի տարի է՝ գործում է առանց վիզայի ռեժիմը մեր երկրների միջև: Փոխայցելությունների, զբոսաշրջության, բիզնեսի զարգացման տեսանկյունից որքանո՞վ է սա կարևոր ու որքանո՞վ է արդեն նպաստել: 
 
Դեսպան Գևորգյան. Մենք Հարավային Կովկասի առաջին երկիրն էինք, որ հաստատեցինք դեռևս 2019 թվականի առանց վիզայի ռեժիմ Չինաստանի հետ, սակայն համավարակը հնարավորություն չտվեց այն ժամանակ շոշափելի արդյունքներ գրանցել:
 
Բայց այդ արդյունքները արդեն իսկ գրանցվում են անցած տարվանից. շեշտակի աճել է տուրիստական հոսքը, հատկապես՝ Չինաստանից Հայաստան, դա նաև իհարկե կապված է ուղիղ չվերթի բացման հետ, և դրա վկայությունը նաև նա է, որ ուղիղ չվերթերի քանակը անընդհատ ավելանում է. Երևանի և Ուրումչիի միջև չվերթի մասին է խոսքը:
 
Հայաստանը Չինաստանում ընկալում են որպես հնագույն քաղաքակրթության երկիր, և չինական սոցիալական ցանցերում, ինչպես նաև լրատվական միջոցներում բազմաթիվ են հրապարակումներ Հայաստանի, նրա պատմության և մշակույթի, հայկական խոհանոցի վերաբերյալ, և, ընդհանուր առմամբ, կա բավականին դրական միջավայր Հայաստանը տեսնելու որպես չինական մշակութային տուրիզմի կարևոր վայր: 
 
Եվ այդ տեսակետից մենք նորից ակնկալում ենք, որ կունենանք շատ ավելի զբոսաշրջիկներ Չինաստանից, բայց երբ մենք խոսում ենք առանց վիզայի ռեժիմի մասին, դա նախևառաջ մարդկանց միջև շփումներն են, դա միայն իհարկե տուրիզմը չէ, անգամ ճգնաժամային իրավիճակներում այդ մարդկային շփումները կարևոր են: 
 
Տեսեք, երբ վերջին իրադարձությունները տեղի ունեցան Իսրայել-Իրան հակամարտության կոնտեքստում, բազմաթիվ ՉԺՀ քաղաքացիներ Իրանից տեղափոխվեցին, եկան Հայաստան, և առանց վիզայի ռեժիմը նույնպես նպաստեց դրան, քանի որ մարդիկ գիտեին, որ Հայաստան նրանք կարող են գալ առանց վիզայի: Հայաստանը դա բարեկամական երկիր է, որտեղ միշտ ջերմ ընդունելության են արժանանում մեր չինացի բարեկամները: 
 
Դիանա Գասպարյան. Պարո՛ն դեսպան, դուք էլ հիշատակեցիք Ուրումչի-Երևան ուղիղ չվերթի գործարկումը, որ այն զգալիորեն խթանել է երկկողմ կապերը: Արդյոք քննարկվո՞ւմ է Հայաստանի և Չինաստանի միջև չվերթերի նոր ուղղությունների հնարավորությունը: 
 
Դեսպան Գևորգյան. Նախ նշեմ, որ Ուրումչին տրանսպորտային մեծ հանգույց է Չինաստանում: Նա աշխարհագրորեն ամենամոտն է Հայաստանին, և վերջերս Ուրումչիում բացվեց նոր օդանավակայան, որը շատ հարմարավետ հանգույց է Չինաստանի տարբեր նահանգներ հետագա ճամփորդություն շարունակելու համար:
 
Այն ավիաընկերությունը, որը կատարում է թռիչքը, նույնպես առաջատար ավիաընկերություն է՝ Հարավչինական ավիաընկերությունը: Այդ տեսակետից լոգիստիկ կապը Չինաստանի և Հայաստանի միջև բավականին արդյունավետ է: Մեր հայրենակիցները կարող են մեկ օրվա ընթացքում Ուրումչիի կանգառով մեկնել Չինաստանի գրեթե բոլոր նշանակալի քաղաքները, բայց, միևնույն ժամանակ, իհարկե որևէ սահմանափակում չկա, որպեսզի նոր չվերթեր բացվեն: 
 
Որոշ ընկերություններ, այլ քաղաքների, որոշ ընկերություններ նման բանակցություններ վարում են, բայց այս փուլում, կարծում եմ, ամենակարևորն այն է, որ Երևան-Ուրումչի թռիչքը շատ լավ աշխատում է, ինչը կբերի նաև նրան, որ ապագայում այլ թռիչքներ Չինաստան նույնպես կարող են լինել: 
 
Դիանա Գասպարյան. Վերադառնալով Արարատ Միրզոյանի այցին Չինաստան. մեր արտգործնախարարը ելույթ ունեցավ Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում: Ինչպիսի՞ն են Չինաստանի քաղաքական և վերլուծական շրջանակների պատկերացումները Հայաստանի տարածաշրջանային դերի և արտաքին քաղաքականության վերաբերյալ: 
 
Դեսպան Գևորգյան. Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտը, որտեղ հանդիպում ունեցավ նախարարը, առաջատար գիտահետազոտական ինստիտուտ է Չինաստանում: Այդ ինստիտուտն է կազմում բոլոր հայեցակարգային նախաձեռնությունները, գլոբալ նախաձեռնությունները, և ինչ-որ չափով այն սերտորեն փոխկապակցված է որոշում ընդունող կառույցների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության հետ: 
 
Բայց, ինչ խոսք, ակադեմիական և գիտական շրջանակներում հանդիպումը նոր հնարավորություններ է տալիս ավելի կոնցեպտուալ քննարկել համագործակցությունը, ավելի լավ հասկանալ այն դրույթները, այն կոնցեպտները, որոնք դրված են ներկա արտաքին քաղաքականության հիմքում: 
 
Եվ այդ տեսակետից պետք է ասեմ, որ այդ հանդիպման ընթացքում լավ հասկացանք այն բոլոր համադրելիությունները, որ կան երկուստեք: Առաջին հերթին՝ ինչպես մենք, այնպես էլ՝ Չինաստանը հետաքրքրված ենք խաղաղությամբ, հետաքրքրված ենք փոխկապակցվածությամբ և հետաքրքրված ենք զարգացմամբ: 
 
Եվ, ինչպես ասացի, մեր հարաբերությունների էմոցիոնալ հատվածը նախևառաջ այն հանգամանքն է, որ մենք երկուստեք ճանաչում ենք իրար որպես հինավուրց քաղաքակրթություններ, և, կարծում եմ, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում առկա է կոնցեպտուալ նմանություն մեր երկու երկրների, մեր երկու երկրների գիտական համայնքների միջև: Ասում եմ՝ գիտական, որովհետև նույն գիտահետազոտական ինստիտուտը կապեր ունի նաև Հայաստանի փորձագիտական համայնքի հետ: Եվ այդ համատեղելիությունը և ընդհանուր շահերի գիտակցումը դրական ֆոն են ստեղծում մեր հարաբերությունների զարգացման մեջ: 
 
Դիանա Գասպարյան. Մեր արտգործնախարարը հանդիպել է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնել ներգրավվածությունը կազմակերպությունում: Ի՞նչ սպասենք առաջիկայում այս ուղղությամբ: 
 
Դեսպան Գևորգյան. Հայաստանը ՇՀԿ ընտանիքի անդամ է 2016 թվականից, երբ Հայաստանը դարձավ համագործակցության գործընկեր: Դա նշանակում է, որ մենք մասնակցում ենք ՇՀԿ շրջանակներում ընթացող որոշ միջոցառումների, նույն ձևով ակտիվորեն ներգրավում ենք ՇՀԿ-ին Հայաստանում իրականացվող միջոցառումներին:
 
Այսպես, անցած տարի Հայաստան այցելեց ՇՀԿ նախորդ գլխավոր քարտուղարը: Այս տարի ՇՀԿ-ն, ՇՀԿ-ի քարտուղարությունը՝ ի դեմս գլխավոր քարտուղարի տեղակալի, մասնակցեց երևանյան երկխոսությանը: 
 
Այսինքն՝ մեր շփումները քարտուղարության հետ պարբերական բնույթ են կրում: Բայց խոսելով ընդհանուր կազմակերպության մասին՝ պետք է նշեմ, որ այս տարի ՇՀԿ նախագահող երկիրը Չինաստանն է, և երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ՇՀԿ շրջանակներում Հայաստանի և Չինաստանի համագործակցությանը: 
 
Պետք է նշեմ, որ Չինաստանը ծանրակշիռ մոտեցումներ ունի ՇՀԿ-ի զարգացման ուղղությամբ, ձգտում է վերածել ՇՀԿ-ն կարևոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպության: Մենք ուշադրությամբ հետևում ենք ՇՀԿ-ում ընթացող գործընթացներին, ակտիվ մասնակցում ենք դրանց, և վստահ եմ, որ մենք ակտիվ ներգրավվածություն կունենանք ՇՀԿ-ում, Չինաստանի և այլ երկրների հետ համագործակցությանը: 
 
Դիանա Գասպարյան. Շնորհակալ եմ, պարո՛ն դեսպան, հարցազրույցի համար: 
 
Դեսպան Գևորգյան. Ես եմ շնորհակալ: Շնորհակալություն: 
 
Դիանա Գասպարյան. Մեր հյուրն էր Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գևորգյանը: Շնորհակալ եմ մեզ հետևելու համար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: