• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հնագույն ազգերի երիտասարդացումը. Դեսպան Գևորգյանը՝ Չինաստանի փորձի և հնագույն ազգերի ապագայի մասին․ «Դիվանագիտական գործ»

03 դեկտեմբերի, 2025
Հնագույն ազգերի երիտասարդացումը. Դեսպան Գևորգյանը՝ Չինաստանի փորձի և հնագույն ազգերի ապագայի մասին․ «Դիվանագիտական գործ»
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Եթե շարժվենք Հայաստանից դեպի հարավ՝ Իրան, Ղազախստան, ապա որոշ ժամանակ անց կհայտնվենք Չինաստանում։ Քարտեզը պատրանք է ստեղծում, թե իբր Չինաստանը մեզնից հեռու է, իսկ մարդիկ հակառակը՝ ցույց են տալիս, թե ինչքան մոտ ու նման են իրար հնագույն քաղաքակրթությունը կրող ժողովուրդները։

Չինաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանի հետ առցանց խոսել ենք այս մասին, նաև փորձել ենք դիվանագիտությունը վերլուծել պատմաբանի մեթոդներով։

***

-Պատմաբանի և դիվանագետի մասնագիտությունը բավականին մոտ են իրար։ Վերջին հաշվով միջազգային հարաբերություններն արդի պատմության շարունակությունն են։ Ես այն ժամանակ էի դարձել պատմաբան, երբ որ դեռ Հայաստանը անկախ չէր, և անկախ Հայաստանին կարելի էր գտնել միայն պատմության էջերում։

Վահե Գևորգյանը սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում և պատմաբան է դարձել նախ հետաքրքրությունից դրդված, հետո արդեն՝ միջազգային հարաբերությունները հասկանալու նպատակով։

-Այն, ինչը որ կենտրոնական դեր է զբաղեցնում միջազգային հարաբերություններում, ամփոփված է պատմության մեջ, և ինձ այդ կապը միշտ շատ հետաքրքրիր է եղել։ Մինչև երկու համաշխարհային պատերազմների արդյունքում ժամանակակից միջազգային հարաբերությունների կայացումը, պատմությունն օգտագործվում էր և՛ որպես մեթոդ միջազգային հարաբերությունները հասկանալու համար, և՛ որպես փաստարկ։

Միջազգային հարաբերություններում փաստերն ու շահերն առաջ մղելու վարքագիծը պատմական բնույթ ունի։ Մարդիկ դարերով փորձել են փաստերով առաջ տանել իրենց հավակնությունները, քանի դեռ դաշտում չէր հայտնվել նորին մեծություն միջազգային իրավունքը։

-Միջազգային իրավունքի կայացումից հետո փաստարկները մտան մի փոքր այլ դաշտ՝ իրավական։ Այդ տեսակետից, գուցե, պատմությունը մի քիչ նահանջ ապրեց միջազգային հարաբերությունների ուսումնասիրման գործում՝ հատկապես քաղաքագիտության մուտքով, որը փորձում էր մաթեմատիկական մեթոդներով իր ուսումնասիրություններն անել։ Ինչ-որ առումով, գուցե, ստացվեց պատմությանը նեղել, բայց նորից և նորից պատմությունը միջազգային բոլոր գործընթացների կոնտեքստը հասկանալու ամենաարդյունավետ գործիքն է։

Երբ զրուցակիցդ նաև պատմաբան է, դժվար է ինքդ քեզ զսպել ու մի շատ կարևոր հարց չբարձրաձայնել՝ ո՞րն է պատմաբանների ամենամեծ թերությունը։

-Պատմաբաններն ու պատմության մասնագետները  լավ հասկանում են իրողությունները, լավ վերլուծում են, թե ինչ է տեղի ունեցել, բայց նրանք դժվարությամբ են արդի խնդիրները ձևակերպում, և այդ տեսակետից մեզ օգնության է գալիս քաղաքագիտությունը, որը, կարծում եմ, հնարավորություն է տվել ոչ միայն անընդհատ նայել անցյալին, անընդհատ նայել ետ, այլև փորձել անցյալի իմացությամբ ձևակերպել արդի խնդիրներ։

***

2001 թվականին Վահե Գևորգյանն իր առաջին գործուղումը կատարում է Չինաստան՝ որպես Չինաստանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։ Սա այն գործուղումն էր, որն ազդարարերց Վահե Գևորգյանի՝ դիվանագետ դառնալու զգացողությունն ու սկիզբը։  23 տարի անց նա կվերադառնա նույն երկիր արդեն դեսպանի կարգավիճակով։

-Կարող եմ ասել, որ իմ հենց առաջին գործուղման ժամանակ արդեն, երբ նախ և առաջ քեզ վերաբերվում են որպես այլ պետության ներկայացուցչի, քո միջոցով են հաղորդակցվում քո պետության հետ, դա, իհարկե, զգացողությունը խիստ ամրապնդում է, և երկրորդը՝ երբ որ բազմակողմ դիվանագիտության շրջանակում արտահայտում ես քո երկրի կարծիքը, հանդես ես գալիս քո երկրի անունից,  բանակցում ես։ Այդ պահին, իրոք, մարդն իրեն ամբողջովին ասոցացնում է իր երկրի հետ։

2017 թվականից ՄԱԿ-ի հովանու ներքո գործում է «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը»։ Այն միջազգային հարթակ է, որ միավորում է աշխարհի հնագույն մշակույթները ժառանգած երկրներին, որոնք ցանկանում են այդ ժառանգությունը վերածել համագործակցության և խաղաղության խթանման գործիքի։ Ֆորումին անդամակցում են Հունաստանը, Չինաստանը, Հայաստանը, Իրաքը, Իրանը, Եգիպտոսը, Իտալիան, Բոլիվիան, Հնդկաստանն ու Պերուն։ Այս երկրներից Չինաստանը աշխարհին սովորեցրել և դեռ սովորեցնելու շատ բան ունի։

-Չինաստանը ցույց է տալիս այլ հին ժողովուրդներին, որ արդիականացումը, կամ ինչպես իրենք են ասում՝ ժողովուրդների, քաղաքակրթությունների երիտասարդացումը հնարավոր է։ Հին ազգերը ոչ թե պետք է հեռանան պատմության թատերաբեմից, այլ վերահաստատվեն և դառնան ամենաարդիականը։ Կարծում եմ՝ սա Չինաստանին հաջողվել է։ Այս օրինակը մեզ՝ հայերիս համար պետք է բավականին գրավիչ լինի։ Ինձ համար շատ գրավիչ է այս մոտեցումը՝ և՛ անցյալը և՛ ներկան, և՛ ապագան շաղկապելու չինական մոտեցումը։

Վահե Գևորգյանն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը

Չինաստանը՝ ժամանակակից աշխարհի հանելուկը, հակասությունը, երբեմն նաև հիացմունքն է։ Այս երկրի մշակութային ներկապնակը այլընտրանք է աշխարհում մեզ հայտնի ընդունված նորմերին։ Այստեղ «թե-թե»-ներով դրված հարցերը տեղին չեն։

-Չինական քաղաքակրթության հարցերը երբեք սրությամբ չեն դրվում, որ մի բան պետք է բացառել, որպեսզի լինի մյուսը։ Այսինքն՝ ոչ թե կասենք դաոսիզմ, թե կոնֆուցիականություն, կասենք և՛ դաոսիզմ, և՛ կոնֆուցիականություն։ Ես շատ զարմացած էի վերջերս, երբ իմացա, որ Չինաստանում անգամ կան որոշակի հեթանոսական պաշտամունքներ, օրինակ՝ ծովի Աստված։ Այսինքն կատարվել է որոշակի սինթեզ՝ օգտագործելով տարբեր ուսմունքները։

Իսկ անձնային մակարդակում ի՞նչ արևելյան իմաստություն կարելի է սովորել չինացի ժողովրդից

-Կարծում եմ, որ նրանցից կարելի է սովորել նպատակասլաց համբերությունը և, իհարկե, հետևողականություն՝ թե՛ անհատական, և թե՛ կոլեկտիվ՝ ողջ ժողովրդի մակարդակով։

***

Դիվանագիտությունը մեխանիզմ է, որի միջոցով երկրները փորձում են իրենց շահերը պաշտպանել՝ առանց ուժի կիրառման՝ կառուցելով հարաբերություններ ու փոխըմբռնում։

Սա դիվանագիտութան ակադեմիական սահմանումն է, իսկ գործնական մակարդում այն ծառայություն է, որն անձից չքննարկվող նվիրում է պահանջում։

-Իմ գիտական ղեկավարը համալսարանում՝ շատ հայտնի պրոֆեսոր էր, ինձ կշտամբում էր և փորձում էր համոզել, որ ես շարունակեմ իմ գործունեությունն ամբիոնում և չգնամ Արտաքին գործերի նախարարություն, և նա որոշակի փաստարկներ էր բերում։ Հիշում եմ, որ փաստարկներից մեկն էլ այն էր, որ անցնելով աշխատանքի պետական համակարգում՝ դու ստիպված ես լինելու ամեն օր արթնանալ ժամը 7-ին, որպեսզի ժամը 9-ին լինես աշխատանքի վայրում։ Դու քո առավոտների տերը չես լինելու։ Ու ինձ հարցնում էր՝ ես պատրա՞ստ եմ նման զոհողության։

Դատելով այս հարցազրույցի առկայությունից՝ հնչած հարցի պատասխանը ակնհայտ է,  բայց մյուս կողմից, դիվանագիտությունը միայն զոհաբերությամ մասին չէ,  այն նաև աշխարհը ճանաչելու բացառիկ առիթ է։ Չէ՞ որ հենց բազմազգ միջավայրում է հնարավոր դառնում ազգերն իրար հետ կապող բարկ թելերը տեսնել։

-Ազգերը, հիմնականում, մարդկանց հավաքական կոնստրուկցիաներ են, և շատ անձնական և մարդկային հատկություններ կան, որոնք գրեթե կրկնվում են ազգերի մոտ։ Ինձ համար երկու շատ հետաքրքիր հատկանիշներ կան՝ մեկը բացասական, մյուսը՝ դրական։ Առաջինն այն է, որ ինչպես մարդիկ, նրանք նույնպես արագ տեսնում են ուրիշների բացասական կողմերը և չեն նկատում իրենցը։ Երկրորդ՝ ազգերը, ինչպես և մարդիկ, սիրում են շփվել, և երբեմն շփումը միտված չէ որևիցե օգուտի, այլ, գուցե աշխատում է միայնակ չմնալու բարդույթը։ Կարծում եմ, դիվանագիտությունը, նախ և առաջ, կառուցվում է այս երկու հատկանիշների վրա՝ փոխադարձ մեղադրանքներ և շփման կարիք։

Վահե Գևորգյանն ու Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը

Ընդհանրապես օտարին ճանաչելու թեման անվերջ է։ Ու ամեն անգամ, երբ մեզ թվում է, թե մենք ինչ-որ բան գիտենք, պարզվում է, որ այն մի մեծ ամբողջի մի փոքր մասն է միայն։ Եվ սա միայն աշխարհի մասին չէ, սա նաև մեր անձի մասին է։

-Այլ երկրներ ճանաչելն անվերջը զբաղմունք է, բայց ամենակարևորը այլոց ճանաչելով մենք ճանաչում ենք նաև մեզ, որովհետև ի վերջո՝ ինչքան էլ մարդիկ տարբեր լինեն, գոյություն ունեն համամարդկային և՛ դրական, և՛ բացասական հատկանիշներ, և այլոց հետ ծանոթանալով, շատ իմաստով նաև ծանոթանում ես ինքդ քեզ հետ, առերեսվում ես նաև ինքդ քեզ հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: