Լուրեր

Մայիսի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հետ։

26.05.2019

Կից լուսանկարներ

wangyimfa19

wangyimfa19

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հետ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը ՉԺՀ կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և ընդգծեց, որ դարերի խորքից եկող հայ-չինական հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների միջև առկա խորը հարգանքի և փոխադարձ վստահության վրա։ «Հայաստանը և Չինաստանն ունեն բավական մեծ օրակարգ բազմաթիվ բնագավառներում և ոլորտներում, որոնք վերաբերում են ինչպես միջազգային, այնպես էլ՝ երկկողմ օրակարգին, և ես շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ առիթ ունենք անդրադառնալու երկկողմ համագործակցությանն այս այցի շրջանակներում, որը տեղի է ունենում Հայաստանի վարչապետի՝ Չինաստան կատարած այցից երկու շաբաթ անց, և հնարավորություն է ընձեռում ուղենշելու երկխոսության զարգացման հետագա քայլերը։ Ոգևորիչ է, որ մենք շարունակում ենք պահպանել քաղաքական երկխոսության բավական բարձր դինամիկան՝ ի շահ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման»,- ընդգծեց նախարար Մնացականյանն իր ողջույնի խոսքում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ՝ առավել կարևորելով առևտրատնտեսական կապերի և ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի խթանումը, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Այս համատեքստում կողմերն անդրադարձան «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի» նախաձեռնության շրջանակներում համատեղ օրակարգի հետագա ձևավորման և ընդլայնման հարցին:

Նախարար Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը՝ մեծ տեղ հատկացնելով երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանում բավական տպավորված են Չինաստանի զարգացման և արդիականացման տեմպերով: Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները` ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը ևս զարկ է տվել բարեփոխումների լայն օրակարգի՝ խթանելու տնտեսության և ինստիտուտների զարգացումը և արդիականացումը՝ ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության հիման վրա:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց հիմնախնդրի հանգուցալուծման առնչությամբ Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Չինաստանի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և բանակցային գործընթացին: Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ և քաղաքական կարգավորում առկա միջազգային միջնորդական ձևաչափի շրջանակներում՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների:

Զոհրաբ Մնացականյանը  նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել «Մեկ Չինաստանի» սկզբունքին համապատասխան: Ընդգծվեց տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ահաբեկչության ու այլ միջազգային մարտահրավերներին համագործակցաբար արձագանքելու կարևորությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առնչությամբ, քննարկվեցին տարածաշրջանային բազմակողմ կառուցների ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափով համագործակցության հարցեր:

Հայաստանի և Չինաստանի արտգործանախարարների հանդիպմանը հաջորդեց «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի, «ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագրի և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրության ստորագրման արարողությունը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր