• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը «Չինաստան» ամսագրին

07 ապրիլի, 2020
ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը «Չինաստան» ամսագրին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հարց․ Ինչպիսի՞ն  է իրավիճակը Հայաստանում  կապված COVID-19 համաճարակի հետ: Ի՞նչ բարդությունների  է բախվում Ձեր երկիրը համաճարակի դեմ պայքարում: Ինչպե՞ս եք գնահատում Չինաստանի փորձը կորոնավիրուսի բռնկումը հաղթահարելու հարցում և ինչպե՞ս  այն կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

 

Ինչպես գիտեք, Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին, և եթե հաշվի առնենք Հայաստանի մասշտաբները, մեկ ամսվա ընթացքում համաճարակը բավականին արագ տարածվել է: Ներկայումս ունենք մեկ շնչի հաշվով վարակվածների բավականին մեծ թիվ՝ ավելի քան 600 մարդ, 4 մահ, 33-ից ավելին վերականգնվել է:

Դեռևս փետրվարին փակվեց հարևան Իրանի հետ Հայաստանի սահմանը, որտեղ կորոնավիրուսի բռնկման պատճառով առաջացած իրավիճակն այդ ժամանակ առավել ծանրն էր՝ Չինաստանից հետո: Այնուհետև ուժեղացվեց վերահսկողությունը օդային երթևեկության և քաղաքացիական անձանց տեղափոխման ուղղությամբ: Մարտի 16-ին Հայաստանի կառավարությունը, ինչպես և շատ այլ երկրներ, արտակարգ դրություն հայտարարեց՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Հայաստանում արտակարգ դրությունը կտևի մեկ ամիս (մարտի 16-ից ապրիլի 14-ը): Երկրից ելքն ու մուտքը սահմանափակված են, հանրային միջոցառումներն արգելված, փակվել են բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացառությամբ սննդի) Երևանում և այլ քաղաքներում: Փակվել են նաև կրթական և մշակութային հաստատությունները, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը:

COVID-19-ի հայտնաբերված բոլոր դեպքերը անմիջապես մեկուսացվել են համապատասխան հիվանդանոցներում և հատուկ վայրերում:

 

Համաճարակի դեմ պայքարում Հայաստանի առջև ծառացած դժվարություններն առնչվում են բժշկական և նյութական ռեսուրսների անբավարարությանը, մասնավորապես համաճարակաբանական պաշտպանության միջոցների, ինչպես նաև արհեստական ​​օդափոխման սարքերի: Դրան գումարվում են նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը և սահմանափակ լոգիստիկ պայմանները, քանի որ Հայաստանը մասնակի շրջափակման մեջ է՝ երկու հարևան երկրների  հետ ունեցած փակ սահմանների պատճառով: Հայաստանի կառավարությունը, սակայն, շարունակում է աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ, համագործակցելով նաև մեր միջազգային գործընկերների հետ:

Չինաստանում COVID-19- ի բռնկման պահից ի վեր ձեռնարկվել են խիստ կանխարգելիչ և վերահսկող միջոցառումներ, որոնք ստեղծել են պաշտպանության հուսալի առաջին գիծ՝ վիրուսի տարածման դեմ և արժեքավոր ժամանակ են շահել այլ երկրների համար: Դրանով Չինաստանը օրինակ ծառայեց ամբողջ աշխարհին: Մենք բոլորս պետք է մեր խորին երախտագիտությունն ու հարգանքը հայտնենք բոլոր չինացի բուժաշխատողներին և այն մարդկանց, ովքեր գտնվում են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում:

Համաճարակի հետագա տարածման դեմ պայքարում Չինաստանի փորձը մեզ համար ուսանելի է: Փութաջան աշխատանքի շնորհիվ Չինաստանում իրավիճակը կայուն զարգացում է  ապրում դրական ուղղությամբ, կյանքն արագորեն վերադառնում է բնականոն հունի: Այս ոլորտում Չինաստանի նվաճումներն աշխարհին հուսադրող ազդանշան տվեցին, որ վիրուսը կարելի է հաղթահարել։

 

 

Հարց։ Covid-19, նոր տեսակի կորոնավիրուս, որ  սահմաններ չի ճանաչում․ Ինչպիսի՞ն պիտի լինի միջազգային հանրության արձագանքը։ Ինչպե՞ս կարող է Չինաստանը օգնել Հայաստանին համաճարակի դեմ պայքարում։

Համաճարակի զսպումը հնարավոր դարձավ միայն Չինաստանի կառավարության վճռական քայլերի, ինչպես նաև չինացի ժողովրդի համարձակության, չհանձնվելու կարողության, անձհնազոհության շնորհիվ։ Նոր տեսակի կորոնավիրուսի պանդեմիան ևս մեկ անգամ փաստեց, որ միջազգային համագործակցությունը և համերաշխությունը միակ արդյունավետ միջոցն է գլոբալ մարտահրավերներին հակազդելու համար, քանի որ աշխարհի և ոչ մի տարածաշրջան չի կարող խուսափել վիրուսի տարածումից։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է համաշխարհային հանրության միասնական պատասխանը։ Չինաստանը կորոնավորուսի դեմ պայքարի օրինակ է ծառայում  միջազգային համագործակցության շրջանակներում։ Չեմ կարող չհամաձայնել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, որը G20 երկրների առաջնորդների հետ մարտի 26-ին կայացած տեսակոնֆերանսի ժամանակ ընդգծեց, որ իրենք պետք է բազմակողմանի ակտիվացնեն միջազգային համագործակցությունը և ապահովեն համահունչ գործողություններ, որպեսզի մարդկությունը՝ իբրև մի ամբողջականություն կարողանա հաղթանակ տանել նման վտանգավոր վարակիչ հիվանդության դեմ։

Այսօր արդեն Չինաստանը ոչ միայն հաղթանակ է տարել Covid-19-ի դեմ իր երկրում, այլև սկսել է ակտիվորեն օգնություն ցուցաբերել մյուսներին։ Չինաստանը Հայաստանին համաճարակի դեմ պայքարելու համար տարբեր միջոցների տրամադրման միջոցով աջակցություն է ցուցաբերում,  ինչի համար Հայաստանը խորին երախտագիտություն է հայտնում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավությանը և ժողովրդին։  Սա ևս մեկ անգամ փաստում է  երկու երկրների միջև ամուր բարեկամական հարաբերությունների մասին։ Օգտվելով առիթից՝ կցանկանամ շնորհակալություն հայտնել Հայաստանում Չինաստանի դեսպանին և կառավարությանը՝ ցուցաբերված օգնության համար, և նշեմ, որ մեր բարեկամների օգնության շնորհիվ Հայաստանը ևս կկարողանա հաղթահարել նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը։

Ինչպես նաև, մենք ակնկալում ենք, որ Չինաստանի բժիշկները և համաճարակաբանները կշարունակեն մասնագիտական աջակցություն ցուցաբերել հայ բժիշկներին՝ կիսվելով իրենց փորձով հիվանդության կանխարգելման և վերահսկման համար։  Արդեն իսկ անցկացվել են երկու նմանատիպ վիդեոկոնֆերանսներ Հայաստանի և Չինաստանի մասնագիտացված կառույցների միջև․ դրանցից վերջինը Չունցին քաղաքի մասնագետների մասնակցությամբ։

Ավելի քան վստահ եմ, որ համաճարակի դեմ միասնական պայքարը մեր երկկողմանի հարաբերությունները շատ ավելի ամուր կդարձնի։

 

 

 

 

 

 

  1. Ինչպիսի՞ն կլինի նոր տեսակի կորոնավիրուսի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը համաճարակի հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասների հաղթահարման համար։ Ինչպե՞ս կանդրադառնա համաճարակը Հայաստանի և Չինաստանի առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Ինչպիսի՞ ծրագրերի իրականացումը կարող է համաճարակից հետո նպատակահարմար լինել երկու երկրների համագործակցության շրջանակներում։

Համաշխարհային տնտեսության փոփոխություններն անկասկած անդրադառնալու է  բոլոր երկրների վրա։ Տնտեսական և բիզնես գործունեության որոշ տեսակներ համաճարակով պայմանավորված որոշակիորեն սահմանափակված են։ Այս պահին  դեռ դժվար է գնահատել մեր երկրի տնտեսության վրա ազդեցության չափը, բայց ամեն դեպքում կարճաժամկետ հեռանկարում տնտեսությունը բավականին դժվարությունների առաջ կկանգնի։ Շատ երկրների տնտեսության զարգացման բնականոն ընթացքը խաթարվել է և փոխվել դեպի վատը։

ՀՀ Կառավարությունը արդեն իսկ ընդունել է հակաճգնաժամային կառավարման օրենսդրական ութ փաթեթ, որոնք ուղղված են երկրում տնտեսական և սոցիալական խնդիրների լուծմանը։ Մասնավորապես, ընդունվել են որոշումներ արտադրության, հանրային սննդի, բեռնափոխադրման, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում մանր և միջին բիզնեսին արտոնյալ պայմաններով  վարկերի տրամադրման վերաբերյալ։

Հույս ունեմ, որ կորոնավիրուսի պանդեմիան կհանգեցնի միջազգային հանրության ուժերի միավորմանը՝ մարդասիրական և տնտեսական խնդիրների լուծման համար։ Առավել քան համոզված եմ, որ բոլոր երկրները պիտի գործեն համախմբված, որպեսզի մշակեն համակարգված գործողությունների պլան՝ տնտեսության խթանման և վիրուսի տարածման դեմ պայքարելու համար։

 

Պանդեմիան միանշանակ բացասական հետևանք կունենա նաև մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության վրա, բայց ես հույս ունեմ, ինչու ոչ նաև վստահ եմ, որ սա կունենա  կաճաժամկետ ազդեցություն։ Մեզ համար անհրաժեշտ կլինի մշակել տնտեսության խթանմանն ուղղված գործողությունների խումբ, որոնք հնարավորություն կընձեռեն մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության համար ի հայտ եկած օբյեկտիվ խոչընդոտները  հաղթահարելու համար։ Մասնավորապես, Հայաստանը պատրաստ է շարունակել  համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ Ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, ինչը նոր պայմաններում նոր նշանակություն կստանա՝ պայմանավորված  մատարակարման ուղիների և շղթայի  դիվերսիֆիկացման հետ,  ինչպես Չինաստանի, այնպես էլ  նախաձեռնության մյուս անդամ երկրների համար։ Մենք մտադիր ենք շարունակել չինական ներդրումների  ներգրավումը ենթակառուցվածքների, արտադրության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այլ ոլորտներում։

Ցանկանում եմ վերաշարադրել հայտնի չինական ասույթ այն մասին, որ ճգնաժամերը ոչ միայն բարդ, այլ նաև փոխգործակցության և ավելի մեծ միասնության նոր հնարավորություններ փնտրելու ժամանակներ են։ Կարծում եմ՝ մենք պիտի կրկնապատկենք մեր ջանքերն այս ուղղությամբ, որպեսզի կարողանանք  խթանել բոլոր ոլորտներում փոխանակումների նախկին տեմպի վերականգնումը, ինչպես լավագույնս նպաստել գլոբալ մարտահրավերներին համակարգված պատասխանելու միջազգային ջանքերի խթանմանը։ Բայց մինչ այդ, մենք միասին պետք է հասնենք համաճարակի դեմ վերջնական հաղթանակին։ 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: