• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Վահե Գևորգյանի հարցազրույցը չինական պետական CGTN հեռուստաընկերությանը

06 մարտի, 2025

CGTN: Պարոն դեսպան, շատ շնորհակալություն հարցազրույցի համար: Արդեն երկրորդ տարին է, ինչ զբաղեցնում եք Չինաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, սակայն նախկինում ևս՝ ավելի քան 20 տարի առաջ աշխատել եք Չինաստանում: Այդ ժամանակվանից ի վեր ի՞նչ նշանակալի փոփոխություններ եք արձանագրել երկրում։

Դեսպան Գևորգյան. Իսկապես, ավելի քան 20 տարի առաջ ես աշխատել եմ Չինաստանում, որն իմ առաջին դիվանագիտական ​​նշանակումն էր։ Իհարկե, փոփոխությունները շատ տեսանելի են և դրանք սերնդային բնույթ են կրում։ Ավելի քան 20 տարի առաջ Չինաստանը մի երկիր էր, որը փորձում էր հասնել զարգացած երկրներին: Հիմա Չինաստանը առաջատար երկիր է, և բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տեխնոլոգիաների, առաջնորդում է համաշխարհային զարգացումը։ Այսպիսով՝ հետապնդողի դերից մինչև առաջամարտիկ:

CGTN: 2024 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը 34.4%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։ Չինաստանը դարձել է Հայաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերը։ Ձեր կարծիքով, ո՞րն է այս արագ աճի հիմնական շարժիչ ուժը։

Դեսպան Գևորգյան. Կարծում եմ, որ այս արագ զարգացման հետևում երկու հիմնական գործոն կա։ Նախ, մեր տնտեսությունները ընդլայնվում են և դրա ապացույցը նախորդ տարի թե՛ Հայաստանի, թե՛ Չինաստանի կողմից արձանագրված  զգալի տնտեսական աճն է։

Երկրորդ, մեր հարաբերությունները զարգանում են։ Մենք կարողացանք ընդլայնել թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը երկու ուղղություններով, ինչը նշանակում է, որ մենք վարում ենք լավ երկխոսություն, կառուցում ենք ամուր հարաբերություններ, և մեր գործարարները կարողանում են միասին աշխատել՝ հասնելով տպավորիչ արդյունքների։

CGTN: Անցյալ տարի տրվեց Չինաստանից Հայաստան առաջին ուղիղ չվերթի մեկնարկը։ Ինչպե՞ս կգնահատեք դրա կարևորությունը երկու երկրների միջև փոխանակումների և համագործակցության տեսանկյունից։

Դեսպան Գևորգյան. Սա 2024 թվականի հրաշալի նորություններից էր: Մենք կարողացանք բացել առաջին ուղիղ չվերթը Հայաստանի և Չինաստանի միջև։

Սա մեծ հնարավորություն է զբոսաշրջության համար, քանի որ այժմ ավելի հեշտ է այցելել Հայաստան կամ Չինաստան։ Սակայն սա միայն զբոսաշրջության խթանման մասին չէ։ Այն ստեղծում է նոր հնարավորություններ մարդկանց միջև շփման համար։ Թեև առցանց առևտուրն աճում է մեր երկրների միջև, բայց իրական գործարար կապերը ստեղծվում են մարդկանց միջև շփումների միջոցով։ Ուղիղ չվերթները կնպաստեն բիզնես կապերի ամրապնդմանը, հասարակությունների փոխազդեցությանը և մեր ժողովուրդների միջև ավելի խորը փոխըմբռնմանը։

CGTN: Չինաստանի ամենամյա քաղաքական շրջանը՝ «Երկու համագումարները», մոտենում են։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս տարվա համար, և ո՞ր թեմաներն են Ձեզ առավել հետաքրքրում։

Դեսպան Գևորգյան. «Երկու նստաշրջանները» հրաշալի հնարավորություն են ընձեռում հասկանալու Չինաստանի կառավարության նպատակները, ծրագրերն ու գործողությունները։ Մենք, իհարկե, հետաքրքրված ենք իմանալ տնտեսական, կառավարման, ներքին և արտաքին քաղաքականության նոր ծրագրերի մասին։

Ինձ համար՝ որպես օտարերկրյա դիվանագետի, առավել հետաքրքիր է տեսնել, թե ինչպես Չինաստանը գնահատում է միջազգային քաղաքականության ներկա զարգացումները։ Վերջին ամիսներին շատ հետաքրքիր վերափոխումներ եղան, և այդ առումով շատ կարևոր է Չինաստանը գնահատականը: Չինաստանը միջազգային հարաբերությունների զարգացման, բազմաբևեռ աշխարհի մասին մշտապես հանդես է եկել շատ հստակ տեսլականներով։ Երբ դա իրականություն է դառնում, ինչպե՞ս է Չինաստանը ձևավորելու իր դիրքերը միջազգային ասպարեզում, և ինչպիսի՞ն կլինի Չինաստանի տեսլականը միջազգային քաղաքականության վերաբերյալ առաջիկա տարիներին, գալիք տարում: Սա ինձ համար ամենահետաքրքիր թեման է այս նիստերի ընթացքում։

CGTN: Չինաստանի տնտեսական խոսույթում նոր հասկացություն է ի հայտ եկել՝ «նոր որակի արտադրողական ուժեր», որն առաջ է քաշվել նախագահ Սիի կողմից և, ի թիվս այլ գործոնների, շեշտադրում է բարձր տեխնոլոգիաները, բարձր արդյունավետությունն ու բարձրորակ զարգացումը։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս պարադիգմային փոփոխության նշանակությունը:

Դեսպան Գևորգյան. Պետք է ասեմ, որ Չինաստանը վերափոխվել է հատկապես երկու կարևոր ոլորտներում՝ ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացում։ Երբ մենք խոսում ենք նոր տեխնոլոգիաների մասին, հիմնականում խոսում ենք մարդկանց մասին, ովքեր ստեղծում են այդ տեխնոլոգիաները։ Այս առումով, Չինաստանում մարդկային կապիտալի զարգացումն ու «նոր որակի արտադրողական ուժերի» ձևավորումը շատ տպավորիչ են։

Եվ որոշակի փուլում, սա վերափոխելու է ոչ միայն աշխատաշուկան և հասարակությունը, այլև ամբողջ երկիրը։ Այս առումով, ստեղծագործող մարդկանց՝ նոր տեխնոլոգիաներ զարգացնելու կարողության վրա կենտրոնանալը շատ կարևոր է։ Եվ ես դա տեսնում եմ ավելի շատ որպես մարդակենտրոն, քան տեխնոլոգիակենտրոն մոտեցում։

CGTN: Մի քանի շաբաթ առաջ մի տեսանյութ տեսա, որտեղ Դուք սովորում էիք պատրաստել պեկինյան բադ։ Շատ հետաքրքիր էր։ Սիրու՞մ եք չինական խոհանոցը և ավանդական մշակույթը։

Դեսպան Գևորգյան. Իհարկե։ Ես մեծ սեր ունեմ չինական խոհանոցի նկատմամբ, և այս աշխարհում ես միակը չեմ։ Կան միլիոնավոր մարդիկ, ովքեր կիսում են այս զգացումը: Չինական խոհանոցն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել։

Նախ այն մինչև անվերջություն ընդլայնում է համի սահմաններ։ Բայց կա մեկ առանձնահատկություն, որը ես հատկապես գնահատում եմ. չինական սնունդն իր մեջ կրում է մշակութային ուղեցույցի դեր։ Այն ճանապարհ է դեպի Չինաստանի պատմություն և ավանդույթներ։ Շատ ուտեստներ ունեն իրենց լեգենդներն ու պատմությունները, և ձեր նշած ուտեստը դրանցից մեկն է։ Այնպես որ, չինական խոհանոցը ուսումնասիրելը պարզապես սնունդ ճանաչելը չէ, այլ նաև Չինաստանն ու նրա մշակույթը ճանաչելու միջոց։ Շատ երկրներ ունեն իրենց «փափուկ ուժը», իսկ Չինաստանի դեպքում դա նրա խոհանոցն է՝ «համեղ ուժը»։

CGTN: Չինաստանի նման Հայաստանը նույնպես ունի դարավոր պատմություն և հին քաղաքակրթություն։ Այն հայտնի է որպես եկեղեցիների երկիր և գինու բնօրրան։ Ինչպե՞ս կներկայացնեք Հայաստանը միջազգային լսարանին։

Դեսպան Գևորգյան. Մենք հպարտ ենք, որ 4-րդ դարում քրիստոնեությունն ընդունած առաջին ազգն ենք. ավելի վաղ, քան Հռոմը։ Մենք նաև հպարտ ենք մեր գինու մշակույթով։ Արտոնյալ ենք համտեսելու գինի, որը պատրաստվում է էնդեմիկ խաղողից, որն ունի 6000 տարվա պատմություն։ Բացի այդ, աշխարհի ամենահին գինու հնձանը հայտնաբերվել է Հայաստանում։

Բայց առաջին հերթին Հայաստանի պատմությունը գոյատևման պատմություն է. Միգուցե մեզ չի հաջողվել ստեղծել մեծ կայսրություններ, ոսկե քաղաքակրթություններ, բայց առնվազն կարողացել ենք գոյատևել։ Մեզ հաջողվել է գոյատևել նման մեծ կայսրություններ ստեղծելու բոլոր այդ փորձերը։ Բայց գոյատևումն ինքնին ինքնանպատակ չէ: Ես հավատում եմ, որ Հայաստանն այսօր վերածննդի երկիր է։ Այս առումով մեզ համար շատ ոգեշնչող է հին քաղաքակրթության երիտասարդացման չինական օրինակը։ Եվ մենք հավատում ենք, որ Չինաստանը մեր վերածննդի հիմնական գործընկերներից կլինի: Ձեր ասած բոլոր սահմանումներին կավելացնեի ևս մեկը՝ Հայաստանը վերածննդի երկիր է։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: